Ես զբաղված եմ իմ սիրելի աշխատանքով. Աննա Մանուչարյան

31 հունվար 2019 16:34
Ես զբաղված եմ իմ սիրելի աշխատանքով. Աննա Մանուչարյան
Life.panorama.am-ը զրուցել է դերասանուհի Աննա Մանուչարյանի հետ՝ ներկայիս գործունեության, նոր առաջարկների և անձնական կյանքի մասին:
 
Աննան մեզ հետ զրույցում նշեց, որ ներկայումս «Նռան հատիկ» հեռուստասերիալում նկարահանվելուց բացի, հանդես է գալիս նաև Կամերային թատրոնում և Հանրային ռադիոյում: Իսկ ինչ վերաբերում է «Նռան հատիկ»  հեռուստասերիալում իր մասնակցությանը և մարմնավորած կերպարին, դերասանուհին նշեց.
«Ինձ համար առաջին հերթին կարևորն այն է, որ ես զբաղված եմ իմ սիրելի աշխատանքով: Այս տարիների ընթացքում ունեցել եմ հնարավորություններ տարբեր կերպարներ կերտել, և «Նռան հատիկ-ում Մեգիի կերպարը դրանցից մեկն է: Տեղյակ եմ, որ այն ժամանակ, երբ ես միացա սերիալի թիմին՝ կերտելով կերպարս, արձագանքներն այդքան էլ դրական չէին, ինչը պայմանավորված էր զուտ կերպարիս՝ ամուսնացած տղամարդուն սիրահարվելու և նրա հետ հարաբերություններ ստեղծելու հետ: Իհարկե, ինձ համար հասկանալի էր մարդկանց վրդովմունքի պատճառը, նույնիսկ սերիալում նկարահանվելու սկզբնական շրջանում կարդում էի մեկնաբանությունները, շատ էի ջղայնանում, քանի որ բոլոր բացասական մեկնաբանություններն անձնավորված էին: Իհարկե, ինձ համար ևս անընդունելի են Մեգիի քայլերը, բայց մարդիկ պետք է հասկանան, որ դա ընդամենը կերպար է» ,- նկատեց Աննա Մանուչարյանը:
 
Դերասանուհու խոսքով՝ իր համար հետաքրքիր է մարմնավորել բացասական կերպարի, դրանով հանդերձ Աննան նշում է, որ մարդիկ մինչ այսօր իրեն հիշում են տարիներ առաջ մարմնավորած իր դրական կերպարով.
«Հարսի կերպար էի մարմնավորում, դե իսկ հայ հարսերը, ինչպես գիտենք, բավական խոնարհ և հեզ են: Թեև արդեն անցել է 10 տարի, բայց այդ կերպարն այնքան է տպավորվել մարդկանց մեջ, որ մինչ այսօր ինձ հենց դրանով են հիշում և սիրում: Նշեմ, սակայն, որ դրական կերպարն ինձ համար փոքր-ինչ անգույն է, իսկ բացասականի դեպքում տպավորվելը շատ ավելի հեշտ է» ,- նշեց Աննան:
Վերջինս տեղեկացրեց, որ թեև տվյալ սերիալը դեռ ավարտված չէ, բայց ինքն արդեն իսկ ունի նոր նախագծերում նկարահանվելու առաջարկներ.
 
«Դե քանի որ Նռան հատիկ» -ն անվերջ չէ և շուտով այն պետք է ավարտվի,  համաձայնվել եմ նկարահանվել երկու նոր սերիալներում: Առաջարկները ստացել եմ հենց այն նույն հեռուստաընկերությունից, որում ներկայումս հանդես եմ գալիս» ,- տեղեկացրեց Աննա Մանուչարյանը, ով չցանկացավ մանրամասնել, թե ինչ հանգուցալուծում կունենա իր կերպարը Նռան հատիկ»  հեռուստասերիալում.
«Անկեղծ ասած՝ ինքս էլ չգիտեմ, բայց եթե անգամ տեղյակ լինեի, չէի մանրամասնի, քանի որ այդպես մարդկանց հետաքրքրությունն արդեն իսկ կպակասեր կերպարիս հանդեպ: Ամեն դեպքում հույս ունեմ, որ գոնե սերիալի վերջում Մեգին մարդկանց հիշողությունների մեջ դրական առումով կտպավորվի» ,- ասաց դերասանուհին:
 
Անդրադառնալով նաև իր անձնական կյանքին, Աննա Մանուչարյանը նշեց.
«Արդեն շատ երկար տարիներ է, ինչ իմ կողքին որևէ մեկը չկա: Եվ այսօր ես հասել եմ այն բաղձալի հոգեվիճակին, որ որևէ բան չեմ փնտրում, հակառակը, իմ ունեցածի սահմաններում փորձում եմ գտնել երջանկությունս: Ես չունեմ «կիսատության»  զգացում, չեմ մտածում, որ այս կամ այն բանը ունենայի, լիարժեք երջանիկ կլինեի: Ես ընդունվեցի իմ երազած թատրոն, ձեռք բերեցի բնակարան, ինչի համար շատ շնորհակալ եմ Աստծուն և նրանից ավել բան խնդրել պարզապես չեմ համարձակվում: Միայն շնորհակալություն եմ հայտնում և ուզում եմ, որպեսզի պահպանեմ այն ամենը, ինչ այսօր ունեմ>>,- ասաց Աննան:
 
Հարցին, թե արդյո՞ք երբևէ մենակ մնալու զզգացում կամ վախ չի ունեցել, Աննա Մանուչարյանը պատասխանեց.
«Պետք է անկեղծ լինեմ և ասեմ, որ այս պահին ինձ համար ընտրություն անելն այդքան էլ հեշտ չէ: Նախ այն բանի համար, որ արդեն երկար ժամանակ է, ինչ սիրտս ինձ որևէ բան չի հուշում, և հետո այս խաղաղ վիճակն ինձ այնքան է դուր գալիս, որ ես անգամ վախենում եմ այն խախտել ինչ-որ մեկի ներկայությամբ: Իհարկե, հաճելի է երկրորդ կես ունենալը, բայց դա իր հերթին բերում է նաև բազմաթիվ խնդիրներ, իսկ ես և դուստրս՝ Արփին, արդեն գտել ենք մեր կյանքի ճիշտ ընթացքը կազմավորելու ձևը: Մտավախություն չունեմ, որովհետև եթե ես որոշեմ մենակ չմնալ, ապա չեմ մնա: Պարզապես ես ցանկանում եմ, որպեսզի իսկական երջանկություն զգամ» ,- անկեղծացավ Աննա Մանուչարյանը և շարունակեց.
 
«Այնպես ստացվեց, որ տարիներ առաջ ես ամուսնալուծվեցի և դա եղավ իմ կամքից անկախ: Բայց հիմա, երբ հետ եմ նայում, հասկանում եմ, որ դա իմ կյանքի լավագույն դիպվածներից մեկն էր: Ամուսնալուծությունից հետո ես այնքան բան եմ կարողացել ձեռք բերել, որ եթե նման բան չլիներ և ես շարունակեի ամուսնացած լինել, կլինեի ինչ-որ մեկի ստվերը՝ չունենալով անհատականություն: Իսկ հիմա ես լիարժեք քաղաքացի եմ՝ իր բոլոր իրավունքներով և ցանկություններով» ,- նշեց Աննան:
Հետաքրքրվելով՝ արդյո՞ք իր նախկին ամուսինը շարունակում է կապ չպահպանել դստեր հետ և արդյո՞ք ինքը կարողանում է դստեր կյանքում լրացնել հոր բացը, դերասանուհին պատասխանեց.
 
«Արփին հոր հետ շփում չի ունեցել և ներկայումս էլ չունի: Նրա հայրը ոչ մի անգամ հետաքրքրություն չի ցուցաբերել դստեր նկատմամբ: Իմ կարծիքով՝ սա լավագույն տարբերակն է, որովհետև եթե մարդ կարող է ապրել առանց իր երեխայի, ուրեմն նշանակում է, որ տալու ոչինչ չունի: Ես շատ ուրախ եմ, որ նա չի խառնվել երեխայիս դաստիարակության հարցում, Արփիի մեջ ես ձևավորել եմ այն արժեքները, որոնք ինքս ճիշտ եմ գտնում: Փառք Աստծո, այսօր Արփին հաջողություններ ունի թե դպրոցում, թե երաժշտության մեջ: Իսկ ինչ վերաբերում է նրան, թե ինչ կունենար Արփին, եթե կողքին ունենար հայրիկ, կարող եմ ասել, որ ոչինչ, նման բան գոյություն չունի: Ես ուժերիս ներածին չափով անում եմ ամեն ինչ, նույնիսկ անհնարինը, որ Արփին ոչ մի օր չունենա այդ միտքը: Կարող եմ վստահ ասել, որ նա երբեք չի ունեցել և չի ունենա «կիսատության»  զգացում» ,-Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց դերասանուհի Աննա Մանուչարյանը:
 
Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան
 
 

Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Գովազդ