Մարդուն կարելի է լացացնել դուդուկի մեկ հնչյունով, բայց ծիծաղեցնել՝ մտածելու տեղիք տալով. Մարգարիտա Խաչատրյան

12 մարտ 2015 11:47
Մարդուն կարելի է լացացնել դուդուկի մեկ հնչյունով, բայց ծիծաղեցնել՝ մտածելու տեղիք տալով. Մարգարիտա Խաչատրյան

Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցը դերասանուհի Մարգարիտա Խաչատրյանն է, ում ժամանակին հաճախ էինք հանդիպում հումորային սերիալներում: Դերասանուհին այսօր էլ «պարապ» չէ, մասնակցում է մասնավոր ներկայացումների, նաև գործընկերոջ՝ դերասան Արթուր Հակոբյանի հետ հանդես է գալիս համերգային-հումորային ծրագրով: 

-Ձեր մասին բավական ժամանակ է նորություն չունենք: Հրաժե՞շտ եք տվել դերասանական գործունեությանը:

-Ոչ, այժմ զբաղվում եմ համերգային ծրագրերով, որը տեղի է ունենում Առնո Բաբաջանյան սրահում: Նաև, ժամանակ առ ժամանակ հյուրախաղերով լինում ենք և Հայաստանի տարբեր մարզերում, և Հայաստանից դուրս: Ծրագիրը կազմում և աշխատում ենք դերասան Արթուր Հակոբյանի հետ: Մեզ հետ են լինում նաև երգիչ-ամուսիններ Արմանը և Յանան: Մեր համերգային ծրագիրը կոչվում է «Մի բուռ ժպիտ և բարություն», ունենում ենք մարդաշատ դահլիճներ և բարձր տրամադրություն ապահովում 1 ժամ 30-40 րոպե: Մեր հումորի մեջ մեծ «դարդ ու ցավ» կա, մտածելու առիթ է տալիս: Եթե գաք, կտեսնեք, որ մեր բեմը դատարկ է, այնտեղ միայն երկու աթոռ է և երկու որևէ կոչում չունեցող դերասան, ովքեր կարողանում են դահլիճը միշտ պահել լեփ-լեցուն, հանդիսատեսին՝ գոհ ու բարձր տրամադրությամբ: Մեր լավագույն գնահատականը չդադարող ծափահարություններն են և դրսում, ամեն քայլափոխի մոտեցող ու սիրո խոստովանություն անող մարդիկ: Դա ամենամեծ կոչումն է:

-Ի՞նչ թեմաների եք ավելի շատ անդրադառնում: Ընդհանրապես, ո՞ր բնագավառն է ավելի շատ թեմա տալիս հումորիստներին:

-Սոցիալական, տնտեսական, կենցաղային: Մենք խոսում ենք ամեն ինչից: Ամենամեծ թեմա տվող ոլորտը սերն է, ընտանիքը:

-Դա շատ լուրջ ոլորտ է, արժի՞ կատակել:

-Բայց չկա ընտանիք, որտեղ տարաձայնություններ չլինեն: Այ, այդտեղ ի հայտ են գալիս բազում թեմաներ:

-Այսօրվա եթերային հումորն ինչո՞վ է տարբերվում 15-20 տարի առաջվա հումորիներից:

-Անկեղծ ասած՝ չեմ հետևում ընդհանրապես, բայց հուսով եմ, որ այսօր շատ ավելի լավն է:  Գիտեք, ավելորդ եմ գտնում խոսել այն մարդկանց մասին, ովքեր խաթարում են բարոյական բոլոր նորմերը:Կատակերգությունը շատ լուրջ ոլորտ է: Մարդուն կարելի է լացեցնել դուդուկի մեկ հնչյունով, բայց ծիծաղեցնել՝ մտածելու տեղիք տալով, դժվար է:

-Մի շրջան Ձեզ անընդհատ հանդիպում էինք էկրաններին՝ հումորային սերիալներում: Այժմ հեռուստադաշտը ողողված է սիթքոմներով, հումորային հաղորդումներով: Ինչպե՞ս է, չենք հանդիպում:

-Այս պահին չկան առաջարկներ, որոնք ինձ կգոհացնեն և՛ ֆինանսապես, և՛ ասելիքով: Եվ հետո, այսօր ամեն մեկը փորձում է իր ծանոթին առաջ տանել, ներգրավել: Իհարկե, և՛ ես, և՛ ընդհանրապես մեր բոլոր լավ դերասանները նման խնդիր չունենք, պարազպես հումորային դաշտը կայացել է հենց այս մակարդակի վրա և եթե մենք չենք կարող ընդառաջ գնալ նրանց առաջարկներին, ուրեմն դուրս ենք մնում:

-Իսկ սերիալային առաջարկները ձեզ ինչո՞վ դուր չեն գալիս՝ չհաշված ֆինանսական կողմը:

-Ես պրոֆեսիոնալ դերասան եմ: Իսկ այսօր այս դաշտը մատչելի է դարձել, աղավաղվել է, կարելի է հանդիպել փականագործի, ատաղձագործի… Ցանկացած մարդ կարող է նկարահանվել սերիալներում: Իսկ ես «չդերասանի» հետ խաղալ չեմ կարող: Այսօր «դերն ասողներ» շատ կան, բայց դերը վերապրող և արարող մարդիկ քիչ են:

-Այսօր չեք աշխատում ոչ թատրոնում, ֆիլմերում: Ֆինանսի խնդիր չի՞ առաջանում:

-Ինձ այդ հարցում օգնում են վերոնշյալ համերգներն ու հյուրախաղերը: Քանի որ ոչ մասնագետները շատ ցածր, փոքր գումարով համաձայնում են խաղալ այս կամ այն նախագծում, պրոդյուսերներին հարմար է հենց նրանց հետ աշխատել, նրանց տեղավորել այս կամ այն սերիալում: Իսկ մենք մեր գործը բեմից ենք մատուցում:

-Դուք Թատերական ինստիտուտն եք ավարտել, այո՞:

-Այո, սովորել եմ Հրաչյա Ղափլանյանի կուրսում: Սակայն, երբ նա կյանքից հեռացավ, մեր կուրսը ղեկավարեց Նիկոլայ Ծատուրյանը: Առաջին քայլերս դեռ ուսանող տարիքում կատարել եմ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, մեծ ու հզոր դերասանների կողքին: Այնուհետև տեղափոխվեցի Պարոնյան թատրոն, Էդգար Էլբակյան թատրոն… Բայց թատրոնի ֆինանսական պայմանները նվազ են, իսկ ապրել պետք է: 2002 թվականից մասնակցել եմ տարբեր մասնավոր ներկայացումների:

-Որքան նկատել եմ, դերասաններից առավել շատ մտերիմ եք և համագործակցում եք Արթուր Հակոբյանի հետ:

-Արթուրն իմ ոչ միայն կոլեգան է, այլև ընտանիքի անդամի պես է. իմ որդին նրան ասում է քեռի, նրա երեխաներն ինձ՝ հորաքույր: Բայց համագործակցում եմ բոլոր այն մարդկանց հետ, ովքեր հետաքրքիր ու լավ առաջարկներ են անում:

-Ձեր՝ դերասանների աշխարհում, ասում են, շատ է նախանձն ու չկամությունը, բամբասանքը: Նման բան կա՞, զգացե՞լ եք:

-Գուցե զգացել եմ, բայց ես մարդու այն տեսակին եմ պատկանում, ով մտածում է, որ կստանաս այն, ինչ դու ես տալիս: Ոչինչ անպատասխան չի մնա՝ ոչ չարությունը, ոչ բարությունը:

-Ծնունդով Երևանի՞ց եք:Ինչպե՞ս ընտրեցիք դերասանի մասնագիտությունը:

-Ծնվել եմ Չարենցավան քաղաքում, բայց երկու տարեկան եմ եղել, որ տեղափոխվել ենք Երևան: Մեծացել եմ Թումանյան փողոցում: Խորհրդային միության ժամանակ հաճախում էի լավագույն մանկապարտեզը, բոլոր մանկական բեմադրություններին մասնակցում էի: Իմ առաջին դերը եղավ մկնիկի դերը՝ «Մկների ժողով» ներկայացումում: 3-4 տարեկան էի, դերս հրաշալի էի կատարել: 6 տարեկանից նկարահանվել եմ Հանրային հեռուստաընկերության «Լապտերիկ» հաղորդաշարում: Այդտեղից էլ ընտրվեց մասնագիտական ուղիս:

-Մարգարիտա, ի՞նչ զավակներ ունեք:

-Որդի ունեմ, 24 տարեկան է, ամուսնացած է, շուտով տատիկ եմ դառնալու: Ի դեպ, տղա զավակ է ունենալու:

-Հայկական ավանդական ընտանիքների պես ապրում եք միասի՞ն:

-Ոչ, տղաս և կինն առանձին են ապրում, ես՝ առանձին:

-Սիրո՞ւմ եք Ձեր տղային խորհուրդներ տալ:

-Ես իրեն միշտ խորհուրդ եմ տվել՝ ամուսնանալ միայն այն ժամանակ, երբ կհասկանա, որ իր կինն իր կյանքում միակն է լինելու, չի դավաճանելու նրան երբեք: Միակն է այնպես, ինչպես հայրենիքն ու ծնողը: Այլապես, այսօր ընտանիք կազմելը խաղ ու պար է դարձել, ոչ-ոք հեռուն չի մտածում: Ընտանիք չեն կազմում արյունակից մարդիկ, այլ նրանք, ովքեր միմյանց նկատմամբ տածում են քնքշություն, հոգատարություն, սեր: Այ հետո ծնվում են արյունակիցները: Ընտանիքը հասարակական բջիջ է, ինչպես հայրենիքն ու ծնողները: Մուրացանն ասելի է չէ՞. «Զորավոր է այն հայրենիքը, որը զորավոր ընտանիքներ ունի»: Սիրուց պետք չէ թուլանալ, այլ ընդհակառակը՝ այնպես սիրիր, որ հզորանաս:

 

 

Հեղինակ Նելլի Մարգարյան


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ