Ես ու Ռաֆոն, որոշեցինք այս տարի առիթը բաց չթողնենք և մեր ընտանիքներում Ամանորը դիմավորենք. Անդրանիկ Հարությունյան

10 հունվար 2015 16:45
Ես ու Ռաֆոն, որոշեցինք այս տարի առիթը բաց չթողնենք և մեր ընտանիքներում Ամանորը դիմավորենք. Անդրանիկ Հարությունյան

Անդրանիկ Հարությունյանն այսօր ամենազբաղված դերասանների շարքում է: Life.panorama.am-ի հետ վերջինս կիսվեց ստեղծագործական վերջին նորությունների, յուրօրինակ Ամանորի և ընտանիքի մասին:

-Որքան հասկացա, մեր զրույցից հետո պետք է գնաք նկարահանումների: Ի՞նչ նկարահանումների մասին է խոսքը:

-Հումորային, գեղարվեստական ֆիլմ է նկարահանվում, որի գլխավոր դերերում ենք ես, Լևոն Հարությունյանը և Արտաշես Մխիթարյանը: Եթե չեմ սխալվում, ֆիլմի պրեմիերան կլինի մարտի 8-ին: Երիտասարդ, հետաքրքիր աշխատակազմ է, որոնց հետ առաջին անգամ եմ աշխատում: Շատ աշխատասեր ու ուրախ կոլեկտիվ ունենք:

-Ֆիլմն ինչպե՞ս է կոչվելու:

-Նախնական վերնագիրը «Դիմակ» է: Դիմակավորված մարդկանց մասին է (ժպտում է):

-Մի փոքր կբացե՞ք փակագծերը:

-Չեմ ցանկանա շատ ծավալվել: Միայն ասեմ, որ քաղաքացու և գյուղացու փոխհարաբերության մասին է: Գյուղի շատ երիտասարդներ այսօր կտրված են քաղաքից, նրանցից ոմանք Երևան քաղաքը դեռ չեն տեսել: Ֆիլմում անդրադառնում ենք, թե ի՞նչ փոխհարաբերություններ կլինեն, երբ նրանք գան քաղաք:

-Դուք քաղաքի՞, թե՞ գյուղի երիտասարդին եք կերպարանավորում:

-Ֆիլմում ես գյուղացի տղա եմ, ով տարբեր իրավիճակներում է հայտնվում: Նրա երազանքն իրականանում է քաղաքում:

-Մենք Ձեզ միշտ տեսնում ենք հումորային ֆիլմերում ու նախագծերում: Մտածո՞ւմ եք երբևէ այլ տեսանկյունից ներկայանալ հանդիսատեսին:

-Ասեմ, որ այս ֆիլմում իմ կերպարը մի փոքր դրամատիկ ուղղվածություն ունի, որն ինձ համար նորություն է: Կերպարիս փոքր-ինչ ավելի լուրջ եմ մոտենում: Թեև ֆիլմը հումորային ժանրում է, բայց լուրջ ասելիք ունի. ներկայացնում է հոր և որդու, գյուղացու ու քաղաքացու փոխհարաբերությունները:

-Անդո, դուք նաև Կամերային թատրոնի դերասան եք: Նկարահանումների հետ մեկտեղ հասցնո՞ւմ եք թատերական գործունեությունը:

-Թատերաշրջանի սկսվելուն դեռ մի քանի օր կա: Մինչև ամսի 16-ը, կարծում եմ, նկարահանումները կավարտենք, թեև, ասեմ, որ խաղացանկն այնպես ենք հարմարեցնում, որ մեկը մյուսին չխանգարի:

-Ինչո՞ւ Ձեզ այլևս «Արմենիա» հեռուստաընկերության եթերում չենք տեսնում:

-Այնպես չէ, որ «հնացել» ենք, բայց ուզում ենք մի փոքր հանգստանալ՝ հետագայում առավել լիցքավորված վերադառնալու նպատակով:

-Իսկ համագործակցությունը շարունակվելո՞ւ է «Կարգին ստուդիա»-ի հետ:

-Իհարկե, կշարունակվի: Բացի այդ, իմ և Ռաֆոյի պրոդյուսերությամբ զբաղվում է Հայկ Մարությանը: Այնպես որ, հետագայում «Կարգին»-ի ձեռնարկած նախագծերում ներգրավված ենք լինելու: Կարծում եմ, դեռ շատ հետաքրքիր գործեր ունենք անելու:

-Հայկական գեղարվեստական ֆիլմեր վերջին շրջանում առավել հաճախ են սկսել նկարահանվել: Որպես դերասան, նաև՝ հանդիսատես, Ձեզ դո՞ւր են գալիս այդ ֆիլմերը: Պրոֆեսիոնալ մոտեցումն ավելանո՞ւմ է:

-Ասեմ, որ կան և որակյալ, և՛ անորակ ֆիլմեր: Բնական է, երկու տարբերակն էլ անհրաժեշտ է, որպեսզի ինքներս էլ տարբերենք, հետագայում ավելի լավը ստեղծենք: Վատ չի, որ ֆիլմեր են նկարահանվում, բայց այդ ֆիլմերից շատերն անորակ են, անհետաքրքիր ու «одноразовый», երկրորդ անգամ նայել չես կարողանում: Չգիտեմ, մեզ մոտ ինչպես է ստացվում, բայց զգացել եմ, որ մինչ օրս «Կարգին փրոդաքշն»-ի նկարահանած ֆիլմերը մեկը մյուսից հետաքրքիր են ու որակյալ:

-Ափսոս չէ՞ այն գումարը, որը ծախսում են Ձեր ասած «մեկանգամյա օգտագործման» ֆիլմերի վրա:

-Այսօր չես կարող ասել՝ որքան գումար են ներդրել և որքանն են ետ բերում: Թող նկարահանեն, դա նորմալ է, հետագայում հենց այդ ֆիլմերից էլ «դասեր կքաղեն»:

-Մի շրջան կար, որ մեր դերասանները դժգոհ էին իրենց ֆինանսական հնարավորություններից: Այսօր այդ խնդիրը շտկվե՞լ է:

-Ես գոհ եմ իմ մասնագիտությունից ու զբաղվածությունից:

- Սերիալում նկարահանվելու առաջարկներ չե՞ք ունեցել:

-Շատ առաջարկներ են եղել, բայց մերժել եմ: Երբևիցե չեմ ցանկացել սերիալում նկարահանվել, դա իմը չէ: Միայն «Կարգին սերիալում» եմ նկարահանվել, որը սիթքոմ էր, ոչ թե սերիալ:

-Ի դեպ, Ձեր և Ռաֆայել Երանոսյանի մասնակցությամբ «Կարգին հաղորդում»-ը կարճ կյանք ունեցավ: Ինչո՞վ էր պայմանավորված:

-Պարզապես արդեն նյութ չկար, տղաները՝ Հայկոն ու Մկոն, ամեն ինչ ներկայացրել էին: Բայց ասեմ, որ մենք երեք ամսվա ընթացքում սկետչներ նկարահանեցինք երկու տարվա համար: Ցուցադրվում էր արդեն ոչ թե շաբաթը երկու, այլ չորս օր:

-Քիչ առաջ սերիալներից էինք խոսում: Գո՞հ եք սերիալների մակարդակից:

- Չեմ ասում, թե վատն են: Ժամանակին առավել վատն էր, քան հիմա: Այժմ որակն ավելի է լավանում: Այսօր մեր ազգի 70 տոկոսը տանը նստած է: Կինո է էլի, թող նկարեն, նայեն:

-Ամանորյա տոներն ինչպե՞ս եք անցկացրել:

-Այս տարի ինձ համար շատ հետաքրքիր անցավ: 7 տարի տանը՝ ընտանիքիս հետ չէի անցկացրել այս տոնը: Քանի որ այս տարի «գործերս» շատ ավելի լավ էին, քան մնացած տարիներին, բոլոր հրավերները մերժեցի: Եվ ես, և՛ Ռաֆոն, որոշեցինք այս տարի առիթը բաց չթողնենք և մեր ընտանիքներում Ամանորը դիմավորենք: Հրաշալի էր ընտանիքի ու ընկերների շրջապատում:

-Անակնկալներ եղա՞ն:

-Ինձ համար ամեն օրն է անակնկալ: Ես սիրում եմ օրը ապրել:

-Ամանորյա սիրելի ուտեստ ունե՞ք:

-Ճիշտն ասած՝ ոչ: Իմ սիրելի բաղադրատոմսերն են տապակած կարտոֆիլն ու լոբով ապուրը: Նախընտրում եմ, եթե ոչ 2 օրը մեկ, ապա գոնե շաբաթը մեկ անգամ ուտել: Հա, նաև մայրաքաղաքային աղցանն եմ շատ սիրում:

-Անդո, Ձեր բալիկն արդեն երկու տարեկան է: Մեր նախորդ զրույցի ընթացքում ասացիք, որ մինչև նրան «չմեծացնեք ու ամուսնացնեք», ընտանիքի համալրման մասին չեք մտածի: Որոշումը չի՞ փոխվել:

-Պատասխանս չի փոխվել: Դեռ այդ մասին չենք մտածում: (Ծիծաղում է)

-Քանի որ դեռևս տոնական շրջանում ենք ու առջևում «Հին նոր տարի» ունենք, շնորհավորում ենք Ձեզ:

-Շնորհակալ եմ: Ես ևս շնորհավորում եմ մեր ազգին, ցանկանում լավն ու բարին: Ամեն տարի նույն բանն ենք մաղթում, բայց չի իրականանում: Ցանկանում եմ, որ այս տարի աշխարհի բոլոր կողմերում գտնվող յուրաքանչյուր մարդ ապրի երջանիկ, անհոգ, օրենքով: Մեր ազգն արժանի է լավին:

-Մեզ մոտ օրենքով չե՞ն ապրում:

-Քաղաքացին է միայն օրենքով, հնազանդ ապրում: Մեքենան արագաչափերի տակով այնպես է քշում, որ աշխատավարձից չպահվի: Իսկ օրենք հանողները լավ էլ խախտում են (Ժպտում է):

Հեղինակ ` Նելլի Մարգարյան


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Գովազդ