«Թող, նախևառաջ, հայելու մեջ նայեն».Մուրզոն Թաթայի՝ Թուրքիայում կայացած համերգը քննադատողներին

28 նոյեմբեր 2014 11:52
«Թող, նախևառաջ, հայելու մեջ նայեն».Մուրզոն Թաթայի՝ Թուրքիայում կայացած համերգը քննադատողներին

Երաժշտությունը երգի շնչառությունն է, որքան լիաթոք՝ այնքան հաջողված: Անկախ ազգային պատկանելությունից՝ այն լսում ու հասկանում են բոլորը:  Life.panorama.am-ի զրուցակիցը կոմպոզիտոր, երաժշտական ձևավորող Արա Թորոսյանն է, նույն ինքը՝ Մուրզոն, ում ստեղծագործություններն ինքնատիպ ձեռագիր ու ասելիք ունեն: 

-Եթե չեմ սխալվում, Հայաստանում չէիք: Նո՞ր եք եկել:

-Ես բավական ժամանակ է` գնում եմ ու գալիս: Աշխատում և ապրում եմ ինչպես Ամերիկայի Միացյալ Նահանգներում, այդպես էլ Հայաստանում: Պարզապես աշխատանքիս բնույթն է այդպես:

-ԱՄՆ-ում հիմա ի՞նչ զբաղվածություն ունեք:

-Խաղարկային, դոկումենտալ մի քանի մեծ ու փոքր ամերիկյան ֆիլմերի երաժշտական ձևավորմամբ եմ զբաղվում:

-Ասում են՝ յուրաքանչյուր երաժշտություն լեզու ունի, իր երկրին է համահունչ: Դժվար չէ՞ աշխատել այլազգիների հետ:

-Իմ երաժշտական «խոսակցական լեզուն», հավանաբար, իրենց հարազատ է, դուր է գալիս, այդ պատճառով էլ աշխատում ենք միասին:

-Հայաստանում համագործակցություններ ունե՞ք ներկա պահին:

-Հենց այս պահին «Անավարտ թռիչք» ֆիլմի երգի գործիքավորումն եմ պատրաստվում ներկայացնել, որը կատարելու է Անուշ Արշակյանը: Ընդհանրապես, շատերի հետ եմ աշխատւմ:

-Դուք աշխատում եք նաև շոու բիզնեսի ներկայացուցիչների հետ: Ինչո՞ւ մեր երգիչ երգչուհիների մեծ մասը կենդանի ձայնով հանդես չի գալիս:

-Եթե չեմ սխալվում, հիմա շատերը կենդանի ձայնով են ելույթ ունենում, քանի որ նման օրենք, պահանջ կա՝ համերգասրահներում կենդանի ձայնով ելույթ ունենալ: Իսկ եթե հեռուստատեսությունը նկատի ունեք, աշխարհում նորմալ երևույթ է, քանի որ տեխնիկական խնդիրներ կարող են առաջանալ: Իսկ համերգասրահներում, եթե դա հեռուստանկարահանման համար չէ, բոլորն էլ կենդանի պետք է երգեն:

-Համաձա՞յն եք, որ երգի ճանաչման և հաջողության գլխավոր բաղադրիչը լավ գործիքավորումն է: Հատկապես այսօր, երբ խոսքերն այնքան էլ ընկալելի չեն:

-Ես կարծում եմ, երգի հաջողության համար ամեն բան է կարևոր՝ խոսք, երաժշտություն, գործիքավորում, և, իհարկե, երգիչ: Այնպես չի, որ երգի գլխավոր «պատասխանատուն» գործիքավորումն է:

-Բայց չէ՞ որ մարդուն առաջինը գրավում է երաժշտությունը: Կարող ես բառերը չհասկանալ, օտարալեզու լինեն, բայց երաժշտությունը հասկանալու համար լեզու իմանալը պարտադիր չէ:

-Ցանկացած պարագայում այդպես է, առաջինը երաժշտությունն ես լսում: Բայց դա չի նշանակում, որ այդ երգի հաջողությունը կախված է գործիքավորումից: Անգամ, եթե այս կամ այն երգը մի քանի տարբերակով գործիքավորվի, դրանից կոնկրետ այդ երգի որակը գլոբալ փոփոխության չի ենթարկվի: 

-Այդ դեպքում, ինչո՞ւ որոշ գործիքավորողներ հաջողության ու ճանաչման են հասնում, որոշներն էլ՝ ստվերում մնում: Օրինակ բերելով Ձեզ՝ կարող եմ ասել, որ այն երգերը, որոնք դուք եք գործիքավորել, մեծամասամբ հիթային են դարձել, ճանաչվել ու սիրվել:

-Շնորհակալ եմ: Ես դա որպես «կոմպլիմենտ» եմ ընդունում: Երևի, նրանից է, որ երբ երգիչներն ինձ երգ են վստահում, ի սկզբանե ակնկալում են, որը երգը պետք է հիթային դառնա (ժպտում է): Շատ ու շատ հանգամանքներից է կախված հիթային լինելը: Այդ հիթային ասածն էլ հարաբերական է: Կարող են մի երգ մի քանի օր, մեկ ամիս անընդհատ լսել ու հետո նրա մասին մոռանալ: Եվ հակառակը՝ երգը լսում են ուշ-ուշ, բայց չեն մոռանում դրա մասին: Բայց, մնայուն արժեք ներկայացնող երգերն ավելի քիչ են:  Պատահում է, երգի մեջ հնչած միայն մեկ բառով է այն ճանաչվում ու սիրվում, ցավոք սրտի, երբեմն, ինչ-որ «հիմար» բառով: Կարող է նույնիսկ երգը «համեմունքներ» չունենա, բայց երկար ժամանակ լսելի լինի: Այսօրվա հիթային երգերը տարբերվում են առաջվանից, քանի որ այն ժամանակ այսօրվա նպատակները չեն հետապնդվել: Երգիչներն ավելի շատ իրենց սրտի թելադրածն են իրականացրել: Իսկ հիմա պարտադիր անում են այնպիսի մի բան, որ կարողանան հեռուստատեսությամբ ու ինտերնետային որոշ կայքերով սկանդալային ելույթ ունենալ: Ամբողջ աշխարհում է այդպես:

-Որպես գործիքավորող՝ Ձեզ համար կարևոր է, տեսնել երգի տեքստը, նո՞ր գործիքավորել, թե՞ դա էական չէ:

-Անձամբ ինձ համար, հնարավորության դեպքում, տեքստը պարտադիր է: Կարևոր է, թե երգն ով է երգում և ինչի մասին: Յուրաքանչյուր ձայն, բառ և վանկ պահանջում է այլ մոտեցում:

-Եղե՞լ են դեպքեր, որ հրաժարվել եք երգը գործիքավորել: Ինչո՞ւ:

-Այո, եղել են: Այն դեպքում եմ հրաժարվում, երբ ոչ միայն երգը դուր չի գալիս, այլև հասկանում եմ, որ չենք կարող այդ կատարողի համար բավարար արդյունք ստանալ:

-Նեղացողներ լինո՞ւմ են:

-Իհարկե, լինում են: Առանց դրա չի լինի: Եվ նեղանում են, և՛ երկուստեք փոշմանում ենք: Դա նորմալ երևույթ է:

-Հիմա Հայաստանում ի՞նչ ծրագրեր ունեք:

-Հյուրախաղերով ենք եկել: Թաթա Սիմոնյանի հետ համերգներ ունեցանք Հայաստանում, նաև Ստամբուլում՝ պոլսահայերի համար: Այնտեղի հայությունը նոր է սկսել ակտիվանալ: Մեզ հրավիրեցին հյուրախաղերի, որպեսզի ծանոթանան մեր փոփ արվեստին:

-Այդ նույն համերգն այստեղ որոշ պատճառներով «սվիններով» ընդունվեց: Ինչպե՞ս դրան կարձագանքեք:

-Շատ ու շատ բաներով կախված լինելով սփյուռքահայությունից՝ մենք շատ ենք վիրավորում մեր այն հայրենակիցներին, ովքեր ապրում են «թշնամու գոտում»: Նկատեցի, որ պոլսահայերը վիրավորված են հայաստանցիներից: Աշխարհի որ անկյուն էլ լինես, հայ ես: Մենք հայի համար ենք համերգների մեկնում, տանում ենք հայերեն երգը: Քարկոծողները թող նախևառաջ հայելու մեջ նայեն, իրենց վարքին ու բարքին: Քարկոծելով պոլսահայերին՝ ինքներս մեզ ենք քարկոծում: Մեր նախնիները, պապերը այդ երկրից են գնացել, այնտեղ նրանց շառավիղներն են, որոնց վիրավորում ենք: Խոսում ենք Ցեղասպանության մասին, ուզում ենք ցույց տալ, որ կանք և մեզ երբևէ հնարավոր չէ ոչնչացնել, բայց հարվածում ենք թիկունքից այն մադկանց, ովքեր զինվորի պես հաղթական գնում են թշնամու գոտի և «կռվում»: Ցավոք սրտի, մեր ազգին հատուկ է՝ «զինվորին մեջքից հարվածել»:

-Արա, կյանքը ԱՄՆ-ում ինչպե՞ս է:

-Բարենպաստ աշխատանքային պայմաններով: Ես իմ բնույթով տաքության, արևի սիրահար եմ: Մի քիչ ցուրտ է այս երկրում:

-Ձեր ընտանիքը, երեխաները և՞ս այնտեղ են: Ինչո՞վ են զբաղվում

-Այո, այնտեղ են, սովորում են բարձրագույն և միջին դպրոցներում:

-Կվերադառնա՞ք Հայաստան, թե՞…

-Մենք չենք լքել, որ վերադառնանք: Ուղղակի, աշխատանքի բերումով ապրում ենք այնտեղ: Ես անընդհատ գնում-գալիս եմ, նույնն էլ պատրաստվում են անել իմ երեխաները:

-Ի՞նձ թվաց, թե՞ համեստ անձնավորություն եք:

-Համեստ չլինելու պատճառներ չունեմ: Ինձ սովորեցրել են, որ «Համեստությունը մարդուն գեղեցկացնում է»: Փորձում եմ այդպես էլ ապրել (ժպտում է):

 

Հեղինակ ` Նելլի Մարգարյան


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Գովազդ