«Դերասանն այնքան գումար պետք է ստանա, որպեսզի կողմնակի գործը միայն հաճույքի համար լինի». Արևիկ Սանթրոսյան

10 նոյեմբեր 2014 11:22
«Դերասանն այնքան գումար պետք է ստանա, որպեսզի կողմնակի գործը միայն հաճույքի համար լինի». Արևիկ Սանթրոսյան

Երեկվա սերունդը այսօրն է կերտել, այսօրվա սերունդը վաղվա տերն է: Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցը Պատանի Հանդիսատեսի թատրոնի դերասանուհի Արևիկ Սանթրոսյանն է, ով ոչ միայն բեմում է լինում, այլև բեմի վաղվա տերերի է դաստիարակում

-Ի՞նչ գործունեություն եք այժմ ծավալում

-Արդեն 40 տարի է, աշխատում եմ նույն՝ Պատանի հանդիսատեսի թատրոնում: Այս ընթացքում միաժամանակ նաև մանկավարժական ռեժիսուրայով եմ զբաղվում: Շատ թատերական խմբեր եմ ունեցել: Արդեն 20 տարուց ավել աշխատում եմ նաև Մալաթիայի հայորդաց տանը, որտեղ ունեմ «Փոքրիկ հումորիկներ» թատերական խումբ: Ես այն արդեն ստուդիա եմ համարում, քանի որ բավականին մեծ գործունեություն ենք ծավալում, երեխաները սովորում են և բեմական խոսք, և դերասանի վարպետություն, և երգ ու պար:

-Փաստորեն, փոքրիկները երեխաները հետաքրքրված են բեմով, դերասանի մասնագիտությամբ:

-Այո, շատ: Երեխաներ կան, որ 10 տարի և ավել խմբակ են հաճախում: Իրենց այլևս մեկ այլ մասնագիտության մեջ չեն պատկերացնում: Ասեմ, որ իմ խմբերի երեխաներից շատերը հետագայում դառնում են թատրոնի դերասաններ, ռեժիսորներ…Ես իրենց մեջ արվեստի նկատմամբ սեր եմ ներարկում: Միշտ ասել եմ, որ Մալաթիայում թատերական խումբ ստեղծելը, ձևավորելը հեղափոխություն է: Երեխաները, պատանիներն այստեղ ձեռք են բերում խոսքի, վարվեցողության կուլտուրա: Ձերբազատվում են կոմպլեքսներից: Երևի, լավ բան եմ անում, վատ բան չեմ անում:

-Դրանում, կարծում եմ, ոչ-ոք չի կասկածում: Տիկին Սանթրոսյան, աշխատելով Պատանի հանդիսատեսի թատրոնում՝ շփվում եք պատանի հանդիսատեսի հետ: Լա՞վն է մեր հանդիսատեսը:

-Պետք է ասեմ, որ դժվար է այս թատրոնում աշխատելը. հանդիսատեսի գերակշիռ մասը պատանիներ են, ովքեր շատ անմիջական են, զգացածն անմիջապես արտահայտում են: Այսօրվա սերունդը մի-քիչ ավելի տեղեկացված ու «տեսած» է: Թատրոնը պետք է կարողանա այնպես անել, որ նրանց զգաստ պահի: Ամեն ինչ հո միայն ուսուցիչների գոռալո՞վ չպետք է լուծենք: Դժվարությունները որոշ չափով կարողանում ենք հաղթահարել: Լինում են օրեր, որ հրաշալի հանդիսատես ենք ունենում, լինում են օրեր՝ սարսափելի անկարգ՝ ովքեր գոռում են, սուլում:

-Նույնիսկ դեպք գրանցվեց, որ վիճաբանության մեջ էին հայտնվել դերասանն ու աշակերտը:

-Այո, ճիշտ եք: Թեև ես այդ օրն այնտեղ չեմ եղել, բայց պատկերացնում եմ, թե ինչ աստիճանի անշնորք է իրեն պահել այդ աշակերտը, որ դերասանն իրեն կորցրել է: Ըստ իս՝ տվյալ դեպքում դերասանը ճիշտ է եղել:

-Միգուցե պետք է մեկ առարկա և՞ս ավելացնել դպրոցներում՝ հանդիսատեսի կուլտուրա: Հաճախ ներկայացման ժամանակ հեռախոսով ավելի բարձր են խոսում, քան դերասանը՝ բեմում:

-Դա դեռ ընտանիքներում, դպրոցներում պետք է սովորեցնեն: Ուսուցիչը, երբ աշակերտներ է բերում, պետք է բացատրի նաև տարրական կանոնները: Ուսուցիչները մեր հասարակության համար մի քիչ կիրթ, զարգացած, ներքին կուլտուրայով քաղաքացիներ պետք է դաստիարակեն: Երեխաներն այսօր կարդալու հետ սեր չունեն: Գոնե թեմատիկ բաներ պետք է բեմադրել, որպեսզի մի փոքր գիտակ լինեն: Ես շատ ուրախացա, որ մեր թատրոնում բեմադրվեց Րաֆֆու «Խենթը», Շիրվանզադեի «Արտիստը»: Գոնե այսպես մեր դասականներից մի փոքր գաղափար կունենան: Մեր ուսուցիչներից շատ բան է կախված: Օրինակ` ես, երեխաներին նույնիսկ ճիշտ խոսել եմ սովորեցնում: Չգիտեմ, հիմա մանկավարժներն էլ են ուրիշ: Ինքս հին սերունդ եմ ու երբ համեմատում եմ, տարբերությունն ահռելի է, և ոչ հօգուտ այսօրվա մանկավարժների:

-Դուք շփվում, աշխատում եք երիտասարդ դերասանների հետ: Այս դաշտում և՞ս ժամանակն ի օգուտ չի աշխատել:

-Հավանաբար գումարի քիչ լինելն է, որ ստիպում է մեր երիտասարդ դերասաններին այս կողմից այն կողմ վազել ու իրենց բուն գործունեությանը նայել մատների արանքով: Մտածում են փորձը, ներկայացումը շուտ վերջանա, որ իրենց իսկ խոսքով՝ «թռնեն»: Յուրաքանչյուր րոպեն հաշված է: Այդ լարվածության մեջ մարդը չի կարող նորմալ ստեղծագործել… Բայց սա կենցաղն է, երիտասարդ են, ընտանիք են պահում, պետք է մի բան հայթայթել: Դա խանգարում է ճիշտ ստեղծագործելուն:

-Իմ լսելով՝ ժամանակին դերասանն ամեն դերի չէր համաձայնում, գիտեր՝ որն է իրենը, որից էր պետք հրաժարվել: Այժմ դերասանները ճի՞շտ ընտրություն են կատարում, թե իրենց բոլոր դերերում էլ տեսնում են:

-Հիմա դերասանին կարող է առաջարկես Համլետ խաղալ, ու ինքը մեկ րոպե չի մտածի, գուցե դա իր դերը չի: Բայց կան նաև լավ, տաղանդավոր երեխաներ: Զգում ես, որ եթե լավ ռեժիսորի, բեմադրիչի հետ աշխատեն, հրաշալի արդյունք կունենան:

-Ձեզ նաև սերիալներում էինք հանդիպում: Ինչո՞ւ այսօր չեք նկարահանվում:

-Ես հիմնականում Հանրային հեռուստաընկերության սերիալներում էի նկարահանվում՝ Ելենա Արշակյանի ֆիլմերում: Նա միշտ իր գործերի մեջ ինձ համար դեր է «գտնում»: Վերջերս էլ նկարահանվում էր «Անավարտ թռիչք» գեղարվեստական ֆիլմը, որտեղ էպիզոդիկ դերով հանդես եկա. տատիկի կերպարում էի: Ինչ վերաբերում է սերիալներին, ապա ասեմ, որ Հանրային հեռուստաընկերությունն արդեն գրեթե սերիալ չի նկարահանում: Այլ հեռուստաընկերություններից եթե լավ առաջարկ ստանամ, չեմ մերժի, բայց «մանր» դերերին չեմ համաձայնում: Ես էությամբ դերասանուհի եմ և ինձ համար կարևոր չէ ֆինանսը, որ մտածեմ, թե ոչինչ, ինչ ուզում է լինի, կարևորը՝ փող կստանամ:

-Ինքներդ դերասանի դուստր եք, նաև՝ քույր: Ընտանիքում այլ դերասաններ կա՞ն:

-Իհարկե: Մենք արդեն դերասանական, կարելի է ասել, չորրորդ սերունդն ենք տալիս: Նախ, այո, ամեն ինչ հայրիկիցս սկսվեց. հայրս՝ Պարույր Սանթրոսյանը, ժողովրդական դերասան էր, Պատանի հանդիսատեսի թատրոնի հիմնադիրներից: Ես այս թատրոնում եմ ծնվել ու մեծացել: Ես և եղբայրս՝ Արմեն Սանթրոսյանը, որոշեցինք շարունակել մեր հայրիկի գործը: Երկու դուստր ունեմ, ովքեր տաղանդավոր դերասանուհիներ են: Մեկը Համազգային թատրոնի դերասանուհի Տաթև Ղազարյանն է, մյուսը Շուշան Ղազարյանն է, ով ինձ հետ աշխատում է Պատանի հանդիսատեսի թատրոնում: Արմենի զավակները՝ Սևակ և Մարի Սանթրոսյանները, ևս դերասաններ են: Մարին մեր թատրոնում է, իսկ Սևակը ֆիլմերում է նկարահանվում և Երկիր Մեդիա հեռուստաընկերությունում աշխատում:

-Իսկ 4-րդ սերունդը:

-(Ժպտոմ է) Վիգեն Ստեփանյանը մեր թատրոնում բեմադրեց Հովհաննես Թումանյանի «Կիկոսը», որտեղ թոռնիկս՝ Լիլին, խաղում է և փայլուն դերակատար է: Մենք դերասանական սերուցքից են, թատրոնը միշտ շատ ենք սիրել՝ իմանալով հանդերձ, որ այստեղ շատ գումարներ վաստակել չենք կարող: Բայց մեր սերն այնքան մեծ է եղել, որ երբևէ չենք լքել ոչ մեր թատրոնը, ոչ հայրենիքը, ոչ էլ մեր սիրած մասնագիտությունը:

-Շատ արտիստներ իրենց զավակներին փորձում են հեռու պահել այդ կյանքից: Ձեր ընտանիքում կարծեք թե հակառակն է:

-Ձեր ասածը ճիշտ է, բայց մեր ընտանիքում երբեք արգելքներ չեն եղել: Հայրս էլ միշտ ասում էր. «Դերասանի էրեխեն պետք է դերասան լինի»: Աղջիկներս էլ փոքր տարիքից կուլիսներում են մեծացել: Տեսան այդ հեքիաթային, «ուրիշ» աշխարհը և որոշեցին այդ «աշխարհ» մտնել: Ես նրանց ոչ ստիպել, ոչ էլ արգելել եմ: Այս տարի Շուշանիկս ստացավ «Արտավազդ» մրցանակն ու դարձավ տարվա լավագույն դերասանուհի, Տաթևիկս վաղուց էր ստացել այդ մրցանակը և կարող եմ ասել, Համազգային թատրոնի լավագույն դերասանուհիներից է: Փառք Աստծո, ոչ իրենք են զղջացել, ոչ ես: Անկախ նրանից, թե ծնողները դեմ կամ կողմ կլինեն, միևնույն է, դերասանների երեխաների մեծ մասը շարունակում են ծնողների գործը:

-Դուք նշեցիք, որ ֆինանսական վիճակը ձեզ շատ չի հետաքրքրում: Սակայն բոլորս էլ գիտենք, թե թատրոնում այսօր ինչ փոքր գումարներ ե շրջանառվում: Դե, գոնե աշխատավարձի համար: Ինչպե՞ս եք այդ դժվարությունը հաղթահարում:

-Իսկապես, թատրոնի դերասանի ստացած գումարը նույնիսկ մեկ օրվա ծախս չի ապահովում: Բայց հավատացեք, երբ դերասանը բեմ է բարձրանում, ամեն ինչ մոռանում է՝ նույնիսկ ճնշման տատանումը: Կարող եմ ասել, որ մի պահ վիճակն ավելի ահավոր էր: Այդ ընթացքում շատերը լքեցին թե թատրոնը, թե հայրենիքը: Ի՜նչ դերասաններ ունենք, ովքեր հեռացան ԱՄՆ, որտեղ այդ մասնագիտությամբ աշխատել չեն կարող: Հիմա դերասանները որոշակի հնարավորություններ ունեն: Օրինակ, իմ աղջիկները հեռուստաալիքներում հրաշալի կրկնօրինակումներ են կատարում: Մեծ աղջիկս նաև սցենարական աշխատանքի շատ լավ ձիրք ունի: Դերասաններից մեկը վազում է սերիալ, մյուսը՝ կոմերցիոն ներկայացում: Այս ու այն կողմ են վազում, մի քիչ գումար հայթայթում: Այլ կերպ հնարավոր չէ: Իհարկե, ես նորից կրկնում եմ, որ դեմ եմ այդ վազքին: Դերասանն այնքան գումար պետք է ստանա, որպեսզի կողմնակի գործը միայն հաճույքի համար լինի:

-Մեկ խնդիր ևս կա: Այսօր բոլորը դերասան են, բավական է մեկ անգամ էկրանին երևաս և արդեն մասնագիտությունդ որոշված է:

-Դա մի պահ էր շատ տարածված: Որպեսզի դերասանին մի քիչ ավել չվճարեն, հիշում էին, որ լավ «տնազներ անող» հորեղբոր, մորաքրոջ տղա ունեն,կարող են բերել նկարվելու: Մեկ-երկու բերեցին, հասկացան, որ անորակ արտադրանք են տալիս: Այժմ շատ խիստ հրահանգ կա, նույնիսկ ամենափոքր՝ մեկ նախադասությամբ դերը պետք է խաղա դերասանը: Ինչ էլ լինի, գոնե դերասան է, որոշ չափով որակը պահպանվում է: Ճիշտ է, կան նաև շնորհալի և ապաշնորհ դերասաններ, բայց դե դերասան են, գոնե մի 4 տարի կրթություն են ստացել: Այլապես, շատ ծիծաղելի էր:

Հեղինակ ` Նելլի Մարգարյան


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ