«Մեր կինոն». «Նահապետի» տնկած խնձորենին դեռ ծաղկում է (բացառիկ լուսանկարներ, ֆիլմ)

24 ապրիլ 2014 17:00
«Մեր կինոն».  «Նահապետի» տնկած խնձորենին դեռ  ծաղկում է (բացառիկ լուսանկարներ, ֆիլմ)

Life.panorama.am-ն ընթերցողների  ուշադրությանն է  ներկայացնում  «Մեր կինոն»  խորագրով շարք,  որի  շրջանակներում  կանդրադառնանք  հայկական  ֆիլմերի  ստեղծման  պատմությանը, դրանց առանձնահատկություններինԵրբեմն  հերոսներն  իրենց  շուրթերով  կպատմեն  մինչ  այժմ անհայտ  դրվագներ:  Կներկայացնենք  նաև  բացառիկառ  այսօր  չհրապարակված  լուսանկարներ: Հայոց ցեղասպանության 99-ամյակի առթիվ խորագիրը կշարունակենք՝ անդրադառնալով  «Նահապետ» ֆիլմին:

1977-ին էկրաններին հայտնվեց «Հայֆիլմի»՝ նախադեպը չունեցող արտադրանքը՝ «Նահապետը»՝ առաջին ամբողջական ֆիլմը, որ նվիրված էր Ցեղասպանության թեմային: Սովետական Միության տարիներին արծարծել Հայոց եղեռնի  թեման, և այն էլ՝ նման բացահայտ կերպով, դեռ ոչ ոքի չէր հաջողվել: Եվ  ռեժիսոր Հենրիկ Մալյանի նախաձեռնությամբ «Նահապետը» դարձավ այն ֆիլմերից մեկը, որոնք, իրենց գեղարվեստական արժանիքներից բացի, այն ժամանակներում նաև պատմական և քաղաքական նշանակություն ունեին: Հասկանալի է, որ այն տարիներին Ցեղասպանության թեմայով ֆիլմ նկարահանելու գաղափարը, մեղմ ասած, պայթյունավտանգ էր: Անհրաժեշտ էր որևէ ազդեցիկ ու հեղինակավոր մարդու աջակցությունը: Եվ այդ պատասխանատվությունը ստանձնեց Հայաստանի Կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը, ով մտերիմ հարաբերություններ ուներ Հենրիկ Մալյանի և կինոօպերատոր Սերգեյ Իսրայելյանի հետ: Որոշվեց որպես գրական հիմք վերցնել Հրաչյա Քոչարի «Նահապետ» վիպակի առաջին մասը:

Սակայն ֆիլմը կյանքի  կոչվեց ու էկրան  բարձրացավ այս որոշումից տարիներ հետո միայն. բանն այն է, որ ռեժիսոր Հենրիկ Մալյանը հինգ տարի շարունակ սցենարը ներկայացրել էր Մոսկվա, բայց այն չէր հաստատվել: Եվ միայն 1976-ին արդեն, համապատասխան թույլտվություն ստանալուց հետո  մեկնարկել էին նկարահանման աշխատանքները: Դրանք հիմնականում ընթանում էին Թալինի շրջանի Դիան գյուղում (որոշ տեսարաններ նկարահանվել են տաղավարում. օրինակ՝ ծննդաբերության դրվագը): Հենց այստեղ ստեղծագործական խմբին հաջողվել է  գտնել այնպիսի մի տուն, որտեղ Նահապետը պետք է  կրկին ընտանիք ստեղծեր: Ֆիլմի շուրջ հավաքվում է  պրոֆեսիոնալների մի խումբ, փորձառու ստեղծագործական կազմ: Եվ պատահական չէ, որ տարիներ անց՝ 1985 թվականի ամռանը, կինոռեժիսոր Հենրիկ Մալյանը Բուլղարիայում, պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է. «Դերասաններից նախընտրում եմ աշխատել Սոս Սարգսյանի և Մհեր Մկրտչյանի հետ: Ինձ համար կարևոր է, որ նյութն ազգային լինի, իսկ դերասանն արտահայտի ազգային մտածողություն, վիշտ, ուրախություն: Թերևս, այդ պատճառով էլ այդքան լավ ընդունելություն գտավ «Նահապետ» ֆիլմը: Այն,  լինելով ազգային, շոշափում է համամարդկային խնդիրներ, այդ պատճառով էլ հուզում է հանդիսատեսին, խորապես մարդկային է»:

«Նահապետի» գլխավոր հերոսուհին՝ Նուբարի դերակատար Սոֆիկ Սարգսյանը, իր հերթին փաստում է, որ ինքը նկարահանվել է մեծ հայրենասերի, իսկական հայի՝ Հենրիկ Մալյանի ֆիլմում՝ կարծես  մասնակիցը դառնալով մեր պատմությանը:

Նա այսօրվա պես հիշում է, թե ինչպես իր դասախոսը անակնկալ կերպով հրավիրեց դերասանուհուն խաղալու «Նահապետում»՝ կինոյի  հսկաների կողքին: 

«Ես եղել եմ Հենրիկ Մալյանի ուսանողը, և երբեք չեմ պատկերացրել, որ կարող է մի օր նկարահանվեմ իր բեմադրած ֆիլմում. այդ մասին ոչ ոք երազել անգամ չէր կարող: Ես արդեն ավարտել էի ինստիտուտը, և մի օր Մալյանը ֆիլմի սցենարն ուղարկեց մեր տուն՝ առանց մեկնաբանություններ տալու, ես ամբողջ գիշեր կարդացի այն, իսկ հետո, առանց մտածելու, որ նկարահանվելու եմ, կարդացի նաև Քոչարի վիպակը»,-պատմում է Սոֆիկ Սարգսյանը,-«Երբ հանդիպեցինք, հարցրեց՝ կարդացե՞լ ես սցենարը,  ես ժպտացի ու ասացի, որ այն ինձ շատ է դուր եկել, հատկապես Լենինի  հետ կապված տեսարանները շատ լավ են ստացվել: Մալյանը ուրախացավ, հետո ասաց՝ կարո՞ղ ես մի տարի այսպես սիրուն մնալ»:

Արդեն պարզ էր, որ նորաթուխ դերասանուհին «Նահապետում»  նկարահանվելու էր  Մհեր Մկրտչյանի, Սոս Սարգսյանի եւ Գալյա Նովենցի կողքին: Տիկին Սոֆիկը հիշում է, որ երբ Մալյանն իրեն կանչել է  «Հայֆիլմ», առաջինը ծանոթացրել է Սոս Սարգսյանի հետ:

«Սոս Սարգսյանից մի քիչ վախենում էի, նա շատ խիստ էր ինձ հետ, նույնիսկ՝ կոպիտ, իհարկե, տարիներ անց նա ինձ ասաց. «Սոֆիկ ջան, բայց դու շատ շնորհքով ես, է...»: Սակայն ֆիլմի նկարահանումների ժամանակ կյանքս ուտում էր»,-ծիծաղելով ասում է Նուբարի դերակատարուհին:  Նա հիշեցնում է սայլի վրա նկարահանված  տեսարանը. «Մի պահ կա՝ ասում է. «Նուբար, շալը գցիր վրադ», իսկ ես ասում եմ. «Դու գցիր, դու կմրսես», շուռ է գալիս, կոպիտ ձևով ասում է . «Իյա՜»:

«Նահապետում» մի սիմվոլիկ տեսարան էլ կա՝ սերմ ցանելու դրվագը, որտեղ ևս տիկին Սոֆիկի պատմելով,  Սոս Սարգսյանը  կոպիտ է խաղում.  այդ տեսարանում նա սերմը դնում է հողի մեջ, և երբ Նուբարը  ծածկում  է այն, հանկարծ դերասանը հրում է  նրան:

«Անցան  տարիներ, ու հասկացա,  որ Մալյանն էր  սարքել այս ամեն ինչը, որ ես հանկարծ չսիրահարվեմ Սոսին, նա այնպես էր արել, որ Սոսն ինձ հետ լիներ կոպիտ, որովհետև գիտեր, որ չեմ դիմանա ու կսիրահարվեմ նրան, մեզ թվում է, թե մենք ենք խաղում ֆիլմում, մենք ոչինչ էլ չենք անում. ամբողջը Մալյանի շնորհքն է»,-մեկնաբանում է Սոֆիկ Սարգսյանը:

Նա պատմում է, որ սցենարում Մալյանը գրել էր մի բան, որն այդպես էլ մնացել է  կադրից դուրս. «Մի դրվագ կա, որ երկուսով՝ ես ու Նահապետի դերակատարը, տաքացնում ենք շիվերը: Ըստ սցենարի, դրանից հետո ես գլուխս դնում եմ Նահապետի ուսին, ու հանկարծ նրա մեջ արթնանում է տղամարդը, Սոսը պատռում է իմ շապիկը, հետո հողերի մեջ սիրում ենք իրար: Ասեմ, որ այդ տեսարանը նկարահանվել է, սակայն ֆիլմում տեղ չի գտել, փաստորեն, այդ գիշերվանից մնաց միայն մեր սերը»,-ծիծաղելով հիշում է դերասանուհին՝ մեկնաբանելով, որ Մալյանն այդպիսի սովորություն ուներ. ինքն իրեն ստուգելու համար նկարահանում էր որոշ տեսարաններ, որոնք կարող էին հետագայում ֆիլմում տեղ չգտնել:

«Նահապետում» Ղուկասի դերակատարը՝ Գուժ Մանուկյանը ևս հիշում է մի տեսարան, որն այդպես էլ ֆիլմում չի ներառվել. «Ես սովխոզի տնօրենի դերում էի, Մալյանը  նկարեց մի դրվագ, որում  ես  իմ տան այգում տաբատս քշտած հող էի փորում եւ ծառ էի տնկում,տեքստ չկար, բայց տեսարանն ուշագրավ էր, հետագայում այն տեղ չգտավ ֆիլմում, ու Հենրիկն ինձ ասաց, որ դա իր ամենասիրելի տեսարաններից մեկն էր ու շատ էր ցավում, որ ստիպված էր եղել կրճատել այն»,-պատմում է դերասանը:

«Նահապետը» նկարահանելիս սցենարից շեղվելու եւս մի ուշագրավ դեպք կա: Ֆիլմում սիմվոլիկ դարձած մի դրվագում նկարագրվում է, թե ինչպես են խնձորենուց թափվում պտուղները. սա խորհրդանշում է հայերի կենաց ծառը: Սցենարով նախատեսված է եղել, որ բոլոր խնձորները թափվեն, բայց հենց օդամղիչները միացրել են, որ այդ գործընթացն իրականացնեն,  այնուամենայնիվ, խնձորների մի մասը մնացել է  ծառերի վրա. ընդ որում, երբ տեսարանը մի քանի անգամ փորձել են, խնձորները կրկին ծառերի վրա  փակցրել են ամրակների միջոցով: Ֆիլմի նկարահանման ականատեսները վկայում են, որ ի վերջո,  ստիպված են եղել խնձորների կեսը թափել միայն: Օպերատոր Սերգեյ Իսրայելյանի կինը հետագայում մի առիթով պատմել է, որ երբ իր ամուսինը  նկարահանումներից հետո հանդիպել է առաջին քարտուղարին՝  Կարեն Դեմիրճյանին, բացատրել  է, որ տեխնիկական խնդիրների պատճառով բոլոր խնձորներն այդպես էլ չեն թափվել,  վերջինս պատասխանել է, որ  դա հրաշալի է, քանի որ խորհրդանշում է, որ հայ ազգը դեռ ապրում է:

Բոլորովին անսպասելի է ստացվել խնձորների՝  ջուրը լցվելու տեսարանը, որը  նկարահանվել է շատ պատահաբար: 1996-ին  օպերատոր Իսրայելյանը Ազգային հեռուստատեսությամբ մի հարցազրույցի ժամանակ պատմեց, որ այդ  տեսարանը նկարահանելու ժամանակ տեսախցիկը պատահաբար է  միացված եղել, խնձորներն իրենք իրենց թափվել են ու դրվագն ինքնըստինքյան նկարվել է: Հետագայում մոնտաժի աշխատանքների ժամանակ նկատել են, թե ինչ գեղեցիկ տեսարան է դա, ու ներառել են ֆիլմում և այն  դարձել է կինոնկարի խորհրդանշական ավարտը:

Ու թեև ֆիլմի թեմատիկան Հայոց ցեղասպանությունն էր, այն ուներ  իր լուսավոր տեսարաններն ու պայծառ կետը. «Ֆիլմիս մեջ միակ լուսավոր կետը դու ես, ֆիլմը շատ ծանր է, իսկ քո դերակատարն այնքան հումորով է»,-ասել է Հենրիկ Մալյանը՝ Գուժ Մանուկյանին:

Վերջինս հիշում է  կադրից դուրս մի քանի պայծառ դրվագներ. «Մի տեսարան կա, որտեղ  ժողովուրդը նստած է դահլիճում, կենտրոնում ես եմ, Ալիկ Խաչատրյանը եւ Ֆոդուլյանը, ըստ սցենարի մի պահ է գալիս, որ երեքով  քահ-քահ ծիծաղում ենք, հիշում եմ, որ այդ ժամանակ Իսրայելյանը տեսախցիկը  թողած՝ մեզ հետ  ծիծաղում էր , ասում էր՝ այնքան բնական եք քրքջում, որ իմ ծիծաղելն էլ է գալիս»,-պատմում է Ղուկասի դերակատարը:

Նա նաև հիշում է, որ նկարահանումների մի մասն անցկացվում էր Թալինի Ագարակ գյուղում, և ինքն, ի տարբերություն մյուսների, ովքեր գիշերում էին այդ գյուղում, մեքենայով էր  գնում-գալիս այնտեղ. «Երբ գնում էի Ագարակ, չգիտեի՝ եղանակն ինչպիսին է, հասնում էի  հրապարակ, արևը շողում էր, Սոսը կեսկատակ-կեսլուրջ  ասում էր.  «Չհասկացա,  մենք օրերով անձրևի տակ նստած ենք, Գուժը հենց գալիս է, արևը հետը բերում է»,-ծիծաղելով վերհիշում է դերասանը:

«Նահապետը» իր ողբերգական ու սիմվոլիկ, միաժամանակ   լուսավոր ու ապագայի  պայծառ հույսը խորհրդանշող  դրվագներով առաջին անգամ էկրան բարձրացավ 1977-ի նոյեմբերի 27-ին: Նույն թվականին Մոսկվայում կայացավ կինումիության քննարկում, որին ներկա էին ժամանակի ականավոր ռեժիսորներ, դերասաններ ու այլ մասնագետներ: Քննարկմանը ներկա էր նաև Սոֆիկ Սարգսյանը, ով հիշում է, որ թեև ռուսները հիացած խոսել են ֆիլմի մասին, մի պահ դիմել են Մալյանին ու հարցրել. «Ձեզ մոտ միայն 1915 թվականն է եղե՞լ, 1917-ը չի՞  եղել»: Սրան ի պատասխան՝ Մալյանը հանդարտ կերպով  բացատրել է, որ ռուսներն այդ ֆիլմն ուշադիր չեն դիտել. այնտեղ կա  Լենինի  լամպի պատմությունը. ժողովուրդը վիզը ծռած սպասում է Իլյիչի լամպի վառվելուն, այսինքն՝ ռուսների օգնությանը, որն այդպես էլ վրա չի հասնում: Սոֆիկ Սարգսյանը պատմում է, որ Մալյանը, հայ լինելու իր հպարտությունը ի ցույց դնելով՝ պարզապես հողին հավասարեցրեց ռուսներին՝ իրենց  անհիմն քննադատություններով:

Անցել են տարիներ, սակայն «Նահապետն» ամեն ապրիլի 24-ին հայտնվում է էկրաններին: Սոֆիկ Սարգսյանն ասում է, որ վերջերս չի կարողանում դիտել ֆիլմը. իր համար թանկ  ստեղծագործական կազմից գրեթե ոչ ոք չի մնացել, նրանց բացակայությունից շատ  է սրտնեղում. «Սոսի մահից հետո «Նահապետն» ինձ համար վերջնականապես ավարտվեց…բոլորը գնացին ու իրենց հետ տարան ամեն բան…»,-հոգոց հանելով ասում է դերասանուհին:

Այնուամենայնիվ, ֆիլմն ապրում է, ապրում  եւ փոխանցվում է նաև Նահապետի հոգու արիությունը, իսկ նրա տնկած շիվերն այսօր արդեն ծաղկել են:

Հ.Գ. -1977թ., Հայֆիլմ (Հր. Քոչարի համանուն վիպակի մոտիվներով), 92 րոպե (2500 մ), գուն., պրեմիերան` 27.11.1977թ., ց.ա.20.09.1977թ.:
Սց. հեղ./բեմ. ռեժ. Հ. Մալյանբեմ. օպեր. Ս. Իսրայելյանբեմ. նկ. Ռ. Ս. Բաբայանկոմպոզ. Ա. Հարությունյանհնչ. օպեր. Կ. Կուրդիյանռեժ. Ռ. Մարտիրոսյանօպեր. Գ. Ավագյան, Ա. Միրաքյանզգ. նկ. Լ. Գեւորգյաննկ. դիմ. Վ. Ասատրյանռեժ. աս. Ֆ. Աբգարյան, Ա. Թադեւոսյանօպեր. աս. Ա. Դավթյան, Վ. Պետրոսյաննկ. աս. Մ. Բաղդասարյանհամակց. նկարահանումներ` օպեր.Ս. Մարտիրոսյաննկ. Հ. Հովհաննիսյանմոնտ. Հ. Մելքոնյանխմբ. Է. Պայազատյան (Պայազատ), տն. Վ. Ղոչիկյան:
Դերերում. ՆահապետՍոս Սարգսյան, ՆուբարՍ. Սարգսյան, ԱփրոՖ.(Մ.) Մկրտչյան, ԱնթառամԳ. Նովենց, ՄովսեսՎրույր Փանոյան, ՂուկասԳուժ Մանուկյան, ՆհոԱ. Գյոդակյան, ՄանուշակՍ. Բաբայան, ՄուշեղՌ. Ղեւոնդյան, ՀարությունԱ. Խաչատրյան, ԿարոՀ. Ֆոդուլյան, ՆորայրՄ. Միրզոյան, ՀակոբՌ. Մարտիրոսյան:
Դրվագներում. Ա. Ջրաղացպանյան, Ս. Չոլախյան, Ա. Ղազարյան, Թ. Սարգսյան, Լ. Մարտիրոսյան, Վ. Սմբատյան, Ս. Հովհաննիսյան, Ս. Աջաբխանյան:
 

1915թ. Հայոց ցեղասպանության օրերին ընտանիքը կորցրած Նահապետը, հոգու արիություն ցուցաբերելով, ցավը, վիշտը հաղթահարելով, նոր ընտանիք է կազմում Արեւելյան Հայաստանում

 Սոֆիկ Սարգսյանի մասնակցությամբ  բացառիկ լուսանկարները՝ նրա անձնական արխիվից:

Հեղինակ Աննա Բաբաջանյան


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ