Գերեզմանոց, օտարամոլություն, աղբանոց. այսօրվա մեր մշակույթը...

11 հուլիս 2013 21:56
Գերեզմանոց, օտարամոլություն, աղբանոց. այսօրվա մեր մշակույթը...

Օրեցօր գերեզմանոցի վերածվող հնավայր .

Հայաստանի առաջին մայրաքաղաք Արմավիրն այսօր վտանգված է: «Հնավայրի մոտակայքում գտնվող գերեզմանոցն աստիճանաբար տարածվում է նրա վրա էլ, ինչն էլ աստիճանաբար վերացնում է հնագիտական այդ տարածքը»,-այս մասին Panorama.am-ին ասաց Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը: Նրա տեղեկացմամբ` այս հարցը մտահոգում է ինչպես իրենց, այնպես էլ մշակույթի նախարարությանը:
Հայաստանում մշակույթի ներկա վիճակն ու սպասվող ապագան դիտարկելիս, բավական մտահոգիչ է թերևս նման պնդումը` «ինչպես և մշակույթի նախարարությունը»: Ոչ մի կե՞րպ:

Ըստ Պ. Ավետիսյանի, իրենցից և նախարարության ներկայացուցիչներից ստեղծվելու է հանձնաժողով, որը քննելու, ուսումնասիրելու է հուշարձանի ներկայիս վիճակը:

Ավետիսյանը վստահեցրեց նաև, որ հնավայրի օրեցօր «վերացմանը» տեղյակ են նաև դատախազությունում, քանի որ նրանց են «պարբերաբար ներկայացվում են իրենց պեղումների արդյունքները (իհարկե, որոնք վիճահարույց են), երբեմն էլ դատախազության ներկայացուցիչն էլ է ներկա գտնվում ստուգայցերին»:

Panorama.am-ին դատախազությունից տեղեկացրեցին, որ, ընդհանրապես, որևէ դիմում-բողոք ստանալու դեպքում (եթե ամեն ինչ համապատասխանում է օրենքին), իրենք սկսում են իրենց հետաքննությունն ու ուսումնասիրությունը (օրինակ բերեցին 2007 թվականին մեծ աղմուկ բարձրացրած Գառնիում գտնվող «Քարերի սիմֆոնիան»): Հայտնեցին, որ Արմավիր հնավայրի հետ կապված իրենք վերջին անգամ դիմում-բողոք ստացել են… տարիներ առաջ:

Տեղեկանք. Հայաստանի առաջին մայրաքաղաքը Արմավիր գտնվում է Երասխի ձախ ափին, Արարատյան դաշտում։ Մովսես Խորենացին Արմավիրի հիմնադրումը վերագրում է Հայկ Նահապետի թոռ Արամայիսին։ Ուրարտական պետության անկումից հետո Արմավիրը շարունակել է գոյատևել, իսկ մ.թ.ա. 4-րդ դ. վերջին դարձել է Արարատյան Հայկական թագավորության մայրաքաղաքը, որտեղ հաստատվել էին Երվանդունիները։ Մ.թ.ա. 3-2-րդ դդ. Արմավիրը տնտեսական, մշակութային և պաշտամունքային խոշոր կենտրոն էր։ Ըստ Մովսես Խորենացու, Վաղարշակ թագավորը Արմավիրի մեհյանում կանգնեցրել է արեգակի, լուսնի և իր նախնիների անդրիները։ Քաղաքի մերձակայքում էր գտնվում Արամանյակի Սոսյաց անտառը, որտեղ գուշակություններ էին անում ծառերի սաղարթների սոսաջյունով։ Արտաշատի հիմնադրմամբ Արմավիրը դադարել է մայրաքաղաք լինելուց։ Տարբեր տարիներին իրականացվող պեղումների արդյունքում հայտնաբերվել է միջնաբերդի պարսպի և շատ շենքերի հիմնապատեր, խեցեղեն, մետաղյա իրեր, զենքեր, զարդեր, որոնք վկայում են, որ Արմավիրը եղել է տնտեսական, մշակութային կենտրոն, զարգացած է եղել արհեստագործությունն ու առևտուրը: Այնտեղից հայտնվել են դեռևս մ.թ.ա. 4-րդ դարով թվագրվող ոսկե կրծքազարդ, նախշազարդ ափսե և կուժ:


Իսկ ինչ ունենք այդ տարածքում այժմ. ինչպես տեսանք` օրեցօր գերեզմանոցի վերածվող մի հնավայր: Այսպես շարունակվելու դեպքում, անկասկած կարող ենք ասել, որ տարիներ անց, Հայաստանի առաջին մայրաքաղաք Արմավիրի մասին կարող ենք միայն կարդալ սովետական հանրագիտարանի էջերում: Հպարտանում ենք` հին ազգ ենք, հին մշակույթ ունենք, իսկ եթե տարիներ անց պահանջեն ցույց տալ այդ հնությունները, հին քաղաքակրթություն ունեցող Հայաստանից պահանջեն ցույց տալ իր առաջին մայրաքաղաքի մնացորդները... Կանգնելու ենք փաստի առաջ:

«Նոյան տապան»` Արտաշատ մայրաքաղաքի տարածքո՞ւմ
Հայաստանի մեկ այլ մայրաքաղաք` Արտաշատն էլ այսօր «նախանձելի» վիճակում չի գտնվում: Արտաշատի պարսպապատ հատվածների մեջ ընկած տարածքից մոտ 6 հեկտարի կարգը փոխել են, դարձրել են գյուղատնտեսական նշանակության հող, հանել աճուրդի ու մի մարդ էլ գնել է («Նոյան տապան» համալիր կառուցելու նպատակով): Այդ տարածքում դեռևս շինարարական աշխատանքներ չեն ընթանում:

Տեղեկանք. Արտաշատը հիմնադրվել է մ.թ.ա 189 թվականին` Արտաշեսյանների դինաստիայի առաջնորդ Արտաշես Առաջինի կողմից (Արտաշատ-հունարենից թարգմանվում է Արտաշեսի ուրախություն): Այն ընկած է Արաքս և Մեծամոր գետերի խառնարանում, Խոր Վիրապի բլուրների վրա: Այս տարածքի վրա այժմ երևում է միայն հին քաղաքի պարսպներն ու շենքերի հետքեր: Ըստ հույն պատմագիրներ Ստրաբոնի, Պլուտարքոսի և ուրարտացի պատմագիրների, Արտաշատ մայրաքաղաքի տեղն ընտրել է Արտաշես Առաջինի արքունիքում ապաստանած կարթագենցի զորավար Հաննիբալը: Արտաշատի մեծ, գեղեցիկ քաղաք լինելու մասին վկայում են վերը նշված պատմիչները: Օտարները քաղաքն անվանել են «Հայոց Կարթագեն»: Արտաշատը եղել է միջազգային առևտրի, մշակութային ու արհեստագործական խոշոր կենտրոն: Մայրաքաղաքը հայտնի է եղել իր ճարտարապետական կոթողներով, պեղումների արդյունքում հայտնաբերվել են ինչպես տարբեր երկրներից բերված, այնպես էլ տեղում պատրաստած ոսկեձույլ, ոսկեզօծ և քարե արձաններ, կավե արձանիկներ, որոնք պատկերում են հայկական հեթանոսական աստվածություններ, երաժիշտներ (քնարահար, սրնգահար), թատերական դիմակներ և այլն: Արտաշատից հայտնաբերվել է մեծ քանակությամբ Արտաշեսյան թագավորների դիմանկարներով դրամներ, արամերեն արձանագրություններով հողաբաժան սահմանաքարեր: Ըստ տարբեր պատմիչների, Արտաշատում մշակվել է որդան կարմիր ներկը:


Այս ամենի մասին կարող են վկայել նաև Հայաստանի պատմության թանգարանում պահվող Արտաշատում կերտված` արվեստի տարբեր տեսակներին պատկանող առարկաները, սակայն չէ՞ որ հարուստ այդ մայրաքաղաքի տարածքից դեռ շատ բան կարելի է հայտնաբերել ու աշխարհին նոր բաներով զարմացնել: Բայց ոչ... Ինչ–որ մեկը ցանկանում է ընդլայնել իր բիզնեսը Հայաստանի հնագույն մայրաքաղաքի հաշվին: Մեր պետական այրերը չեն հասկանում կամ չեն ցանկանում հասկանել, որ Հայաստանի կաղող տնտեսությանը հնագույն հուշարձաններն ավելի շատ օգուտ կարող են բերել (զբոսաշրջության առումով), քան «օտարամետ» տենդենցներով կառուցված որևէ շինություն: Թույլատրում են` կառուցում են` լավ են անում, ցանկանում են եվրոպականացնել մեր երկիրը (դեռևս միայն շինությունների տեսքով)` էլի լավ են անում, բայց ոչ ուրիշի հաշվին, ոչ այլ դարաշրջանի (այն էլ մեր թվարկությունից առաջ) մշակութային շերտի վրա, որով ժամանակին զարմացրել ենք ողջ աշխարհին, նույնիսկ հզոր Հռոմին… Իսկ հիմա` :

Դվին. ինչ է գրված ու ինչ ունենք իրականում
4-րդ դարում հիմնադրված Դվին մայրաքաղաքից այսօր գրեթե բան չի մնացել: «100-ավոր տարիների ընթացքում հին քաղաքների վրա կառուցվում են նոր բնակավայրեր, ու հնավայրը կորցնում է իր երբեմնի նշանակությունը»,-ասաց Պավել Ավետիսյանը: Նա նշեց, որ Դվինում այսօր էլ կատարվում են հնագիտական պեղումներ, իսկ հնավայրից հայտնաբերված արվեստի նմուշներ հնարավոր է գտնել Պատմության թանգարանում ու պատկերացում կազմել այդ ժամանակաշրջանի արվեստի ուղղությունների զարգացվածության մակարդակի մասին:

Տեղեկանք. Դվին մայրաքաղաքը կառուցվել է այդ հին բնակավայրի տեղում Խոսրով Կոտակ թագավորի օրոք (330-338) 335 թ.: Այն դառնում է Արշակունյաց Հայաստանի նոր մայրաքաղաքը: Կարճ ժամանակահատվածում Դվինը վերածվում է տարածաշրջանի խոշոր առևտրական կենտրոնի, որտեղ խաչասերվում էին բազմաթիվ առևտրական ճանապարհներ: Արարատյան դաշտի շոգը և կլիման առողջացնելու համար քաղաքի մոտակայքում կատարում է անտառատնկումներ, որոնք պահպանվել են մինչև այժմ «Խոսրովի անտառ» անունով։ Արշակունյաց Հայաստանի անկումից հետո Դվինը շարունակում է մնալ Հայաստանի խոշորագույն քաղաքներից մեկը: Քաղաքը հանդիսանում էր Սասանյան և Բյուզանդական կառավարիչների նստավայր: 7-րդ դարում Ռուբեն իշխանը այն դարձնում է իր իշխանության նստավայր: Դվինը եղել է Արևելքի իր ժամանակի նշանավոր քաղաքներից։ Այն արհեստագործական ու տարանցիկ առևտրի խոշոր կենտրոն էր։ Այստեղ են հատվել միջազգային 6 մայրուղիներ, որոնց միջոցով Հայաստանը առևտուր է արել Փոքր Ասիայի ու Հարավային Եվրոպայի, Հյուսիսային Կովկասի ու Միջին Ասիայի, Միջագետքի ու Հյուսիսային Աֆրիկայի երկրների հետ։ Ինչպես արաբ մատենագիրներն են վկայում, Դվինում արտադրվել և օտար երկրներ են արտահանվել բրդյա ու մետաքսյա գործվածքներ, ծածկոցներ ու գորգեր, ապակյա, հախճապակյա ու բրուտագործական առարկաներ, որդան կարմիր ներկ, մետաղագործական (երկաթե ու պղնձե) արտադրանք, արծաթե զարդեր։ Դեռևս 17-րդ դարում Դվին են այցելել ֆրանսիացի ճանապարհորդներ Տավերնիեն և Շարդենը, իսկ 1814-ին անգլիացի դիվանագետ Ջեյմս Մորերը, անցնելով Դվինով, գրել է. «Այս ավերակները… բաղկացած են հողե քարուքանդ պարիսպների բլուրներից. այս ու այնտեղ թափված են գունավոր կղմինդրի և ամանեղենի կտորտանքներ: Պետք է շատ վառ երևակայություն ունենալ` եղած մնացորդներից մեծ ու փառահեղ քաղաք պատկերացնելու համար…»: Մայրաքաղաքի ոսկերիչների ու արծաթագործների բարձր ճաշակի ու վարպետության վկայությունն են հայտնաբերված օձագլուխ ապարանջանները, շղթայաձև մանյակները, մատանիներն ու ականջօղերը, արծաթյա գոտիներն ու սափորները: Իսկ խեցեգործությունն ու բրուտագործությունը այնքան էին զարգացել, որ պատրաստվում էին նույնիսկ հազար լիտր տարողությամբ կարասներ: Պեղումներից ի հայտ են եկել նաև ոսկրե, հախճապակյա և ապակյա առարկաներ: Հախճապակեգործների ու ապակեգործների արտադրանքը ժամանակին համարվում էր աշխարհում լավագույններից:

10-րդ դարում երկրաշարժից ավերված մայրաքաղաքի պեղումները գրեթե հարյուրամյա պատմություն ունեն և ընդհատվել են 1994 թ. ֆինանսական միջոցների բացակայության պատճառով, բայց նախորդ տարվանից վերսկսվել են։ Մասնագետների կարծիքով, պեղումները կարող են լույս սփռել Արևմուտքի և Արևելքի հատման վայրում հայկական քաղաքակրթության ծագման և հետագա երկու հազարամյակներում նրա վերափոխման վրա, պեղումները կարող են նպաստել` լրացնել բացերը հայկական միջնադարյան գրավոր աղբյուրներում։


ԼՂ-ում` ավելի հարգալից
ԼՂՀ տարածքում` Աղդամ-Մարտակերտ մայրուղուց ձախ ընկած տարածքում հայտնաբերված հնագույն Տիգրանակերտ քաղաքը նախորդ տարվա վերջերին ստացել է արգելոցի կարգավիճակ: Այս տարվա ԼՂՀ բյուջեով նախատեսվում է 35 միլիոն դրամ հատկացնել քաղաքի պեղումները շարունակելու համար: Այս գումարի մի մասով վերականգնվելու են գտածոները: Ըստ Պ. Ավետիսյանի, Տիգրանակերտ քաղաքի պեղումները երևան են բերել հզոր, հարուստ և գեղեցիկ քաղաքի պատկերը: Տիգրանակերտը Անդրկովկասում հնագիտորեն պեղված ամենամեծ հուշարձանն է:


Տեղեկանք. Տիգրանակերտը հին հայկական, հելլենիստական քաղաք է Լեռնային Ղարաբաղում, գտնվում է Մարտակերտի շրջանի հարավ-արևելքում, Խաչենագետի աջ ափին: Տիգրանակերտի ճշգրիտ տեղանքը հայտնաբերվել 2005-ին: Այն գտնվում է Վանքասար անունով սարի և Շահբուլաղ կոչված աղբյուրի մոտակայքում: Այն կառուցվել է մ.թ.ա. 1-ին դարում, հայոց արքա Տիգրան Մեծի կողմից: Տիգրանակերտի մասին հիշատակել են 7-րդ դարի պատմիչներ Սեբեոսը և Մովսես Կաղանկատվացին: Այն որպես բնակավայր գոյություն է ունեցել մինչև ուշ միջնադար և գտնվել է Խաչենի իշխանության տարածքում։ Տիգրան Մեծը այն դարձրել է Հայաստանի մայրաքաղաքը, քանի որ Արտաշատն այլևս չէր կարող լինել նրա լայնածավալ պետության կենտրոնը։ Տիգրան Մեծը Տրգրանակերտը վերաբնակեցրել է հայ ավագանու շատ ներկայացուցիչների։ Ենթադրվում է, որ Տիգրանակերտը ունեցել է մոտ 100 հազար բնակիչ։ Նրանք հիմնականում զբաղվել են արհեստագործությամբ և առևտրով։ Տիգրանակերտը եղել է նաև մշակութային խոշոր կենտրոն։ Մ.թ.ա. 55թ. Տիգրան Մեծի մահից հետո դադարել է Հայաստանի մայրաքաղաքը լինելուց։


«Ծովից ծով» Հայաստանի մայրաքաղաքը, իրոք, արժանի է արգելոց համարվելուն, ու միգուցե հենց դա հնարավորություն տա, որ այն էլ չարժանանա այն «բախտին», ինչ որ իրենից նախորդները (խոսքը վերը թվարկվածների մասին է):

Կարմիր բլուր` աղբակույտ
Այսօր կործանման եզրին է կանգնած նաև Էրեբունու մասնաճյուղ հանդիսացող Կարմիր բլուր հնավայը` հստակ սահման չունի, աղբանոցի է վերածվել ու հնավայրի տարածքով անցնող նոր ճանապարհ է կառուցվելու:

Տեղեկանք. Հնավայրը թվագրվում է մ.թ.ա. 7-րդ դարով` Վանի թագավորության երկրորդ շրջանով (Կարմիր բլուրը էրեբունուց 100 տարի հետո է կառուցվել): Ի տարբերություն ուրարտական շատ հուշարձանների, այն չի թալանվել ու տալիս է քաղաք-ամրոցի ներքին կյանքի, կենցաղի, զինանշանների տարբեր տեսակների ամբողջական պատկերացում: Կարմիր բլուրի (Ուրարտական Թեյշեբաինի բերդի) պեղումները գնահատելի նյութ տվեցին, որի հիման վրա կարելի է դատել ուրարտացիների սնման հիմնական աղբյուրների մասին: Ուրարտուի բնակչությունը, բացի ընտանի կենդանիներից, օգտագործում էր նաև վայրի կենդանիների` եղջերուի, եղնիկի, վայրի ոչխարի, այծյամի միս: Քսենոֆոնը, նկարագրելով արմեն-գյուղացիների սնունդը, նույնպես առաջին հերթին թվարկում է մսեղեն մթերքները, իսկ հետո` բուսեղենը. «միևնույն սեղանին միշտ մատուցվում էր միաժամանակ ոչխարի, այծի, խոզի, հորթի և վայրի կենդանիների միս` մեծ քանակությամբ ցորենի և գարու ալյուրից հացի հետ միասին»: Ուրարտուում զարգացած էր նաև կաթնատնտեսությունը:

Ուրարտուի մասին ամբողջական պատկերացում տվող այդ քաղաք-ամրոցի տարածքն այսօր ինչ-որ մեկը փորձում է իր նպատակներին ծառայացնել` հեշտացնել գործը, թեթևացնել ծախսերը` մի քանի անգամ կրճատելով իրեն անհրաժեշտ վայր հասցնող ճանապարհի շինարարությունը: Անկասկած կարող ենք ասել, որ այդ մարդը նույնիսկ չգիտի` ինչ է Ուրարտուն, կարևոր ինչ նշանակություն ունի այդ տարածքը մեր պատմության, արվեստի հանրաճանաչության հարցում, օտարազգի ինչ անվանի հնագետներ, պատմաբաններ ու արվեստաբաններ են պեղել, ուսումնասիրել այդ տարածքը: Իսկ այսօր նա ուզում է իր գրպանը «էլ ավելի ուռացնելու համար» ոչնչացնել այն արժեքավորն ու կարևորագույնը, որ մեզ ժառանգություն են թողնել ուրարտացի մեր ազգակիցները:

Մինչդեռ Հայաստանի մշակույթի նախարարությունը փորձում նոր մեխանիզմներ մշակել ոլորտի կառավարումը կարգավորելու համար, հայկական մշակութային հուշարձանները, դարերի խորքից եկող ու մեր պատմության, արվեստի մասին շատ բան «ասող» մշակութային ժառանգությունն այսօր վտանգված է: Ո՞վ պետք է մտածի այդ մասին: Իհարկե, մեզանից յուրաքանչյուրը: Առանց բացառության (սա` պետական պաշտոնյաների համար):

Աղբյուր Հեղ՝ Տաթևիկ Մանուկյան


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ